Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Անհնար է, որ բոլորը հավասար ապրեն

Անհնար է, որ բոլորը հավասար ապրեն
11.06.2013 | 12:54

Մեր կյանքը լի է ամեն ինչով` հարուստներով ու աղքատներով, գործատուներով ու վարձու բանվորներով, հեռացողներով ու մնացողներով, երկրապահներով ու երկրաքանդներով, քաղաքական և «քաղաքական» գործիչներով, շատ այլ բաներով։ Եվ երբեմն հարկ է լինում այս բարդ թոհուբոհի մեջ գտնել պարզագույն ճշմարտությունները, հուսալով, որ նրանք երևան կգան բանավեճերի ընթացքում։

Ինչ խոսք, ամեն մի բանավիճող էլ ցանկանում է, որ իր խոսքը տիրի «անտեղյակ խալխի» մտքին ու սրտին, ընկալվի որպես մաքուր ճշմարտություն, հանկարծ դիմացինին մի այնպիսի «ճշմարտություն» չասի, որ ունկնդրողին գցի տարակուսանքի մեջ` «յարաբ, ո՞վ է ճիշտ խոսում»։ Ճիշտ է, տեղեկությունները շատ են, բայց մի բան էլ գիտենք, որ մաքուր ճշմարտությունը գտնվում է հորիզոնի մոտ, և ինչքան ցանկանում ես մոտենալ, այնքան քեզնից հեռանում է, ու բանավիճողներին մնում է ասել ճշմարտանման բաներ, որին կարելի է հասնել, իմ կարծիքով, եթե բանավիճեն նույն մասնագիտության տեր մարդիկ, ասենք, զուտ տնտեսագետներ, զուտ էկոլոգներ, զուտ գյուղատնտեսներ, զուտ քաղաքական գործիչներ և այլն, որոնք ներկայացնեն հասարակության տարբեր բևեռները։
Լավ կլիներ, որ ներկա գտնվեր նաև մի երկու հոգի «ժողովուրդ», որ տար իր գնահատականը, կամ եթե հնարավոր լիներ, դահլիճ բերվեր մի երկու ռոբոտ` «սուտը ղորթից ջոկող». ա՜յ գործ կլիներ։
Այդպիսի դեպքերում իրարամերժ բաներ քիչ կլինեին։ Օրինակ` մեկն ասում է` հենց իշխանափոխություն լինի, ամեն ինչ լավ կլինի, մյուսը` որ չփոխվի էլ, ամեն ինչ «օքեյ» է, մեկն ասում է` Վրաստանում ամեն ինչ լավ է, մյուսը` «դե լավ, հա՜», մեկն ասում է. «Էլ Հայաստան չկա, մյուսը. «Մի աշխարհ` մի Հայաստան (ուր էր, թե այդպես լիներ)»։ Ակնարկում են նաև, որ ամեն մի վատ բան մեզ մոտ թափանցեց «սովետից», իսկ իմ ուսանողության տարիներին (այն էլ երկու համալսարաններում` ճարտարագիտական և բժշկական) սովորեցնում էին, որ ամեն վատ բան մեզ մոտ թափանցում է կապիտալիստական երկրներից, իսկ թե ուր է մեր նախաձեռնությունը, այդպես էլ չի երևում։
Եթե հավատամ ընդդիմադիրներին, գյուղում էլ մարդ չկա, սաղ դաշտերը չորացել են, աղբյուրները ցամաքել ¥հանուն արդարության նշեմ մի երկու բան. վերջին տարիներին Սիսիան-ԼՂՀ ճանապարհի եզրամերձ տարածքներում աշնանացան ցորենի արտերը շատացել են, իսկ գյուղերում հիմնական բնակչությունը ապրում է դեռևս անցյալ դարի 60-90-ականների կառուցված տներում, երբ հայ գյուղը իրական զարթոնք ապրեց¤։
Ինձ համար անընդունելի են բանավեճերի ընթացքում մեջբերված միջինացված թվերը։ Այսպես, ենթադրենք հարևանս ունի ութ ավտոմեքենա, ես` ոչ մի հատ, երբ գումարում ու բաժանում ենք, արդյունքում երկուսս էլ ունենք չորսական մեքենա, որը, անշուշտ, լավ է, բայց...
Ընդունելի է մի բան` երկու կողմն էլ պետք է «լավը» լավ տեսնեն, «վատը»` վատ, քանզի վատը լավ տեսնելով, կամ լավը` վատ, ոչինչ չի փոխվի։ Ընդդիմադիրն էլ ¥ընդդիմադիր ասելով ես ավելի շուտ պատկերացնում եմ ոչ թե երեկվա պաշտոնյային, որ այսօր այլևս լծակներ չունի, այլ սոցիալիստական ուղղվածության կուսակցությունների ու ՀԿ-ների ներկայացուցիչներին` սոցիալիստներ, դեմոկրատներ, կոմունիստներ, մարքսիստներ և այլն¤ պետք է տեսնի, որ հասարակությունը, ի վերջո, ապրում է, շնչում, արարում, զարգանում է, իսկ իշխանամետն էլ պետք է տեսնի, որ մի ժամանակվա ցանովի հողերի քիչ մասն է մշակվում, շատ են հեռանում երկրից, խոսի պետպարտքերի մասին և բացատրի` ինչո՞ւ։ Համ էլ անհնար է այլևս, որ բոլորը հավասար ապրեն։ Եթե դա չեք ընդունում` էն է, սովետի վախտ շատ թե քիչ այդպես էր, էլ ո՞ւր քանդեցինք։ Միանշանակ` հասարակության մեջ ծագող բոլոր հիմնական հակասությունները հետևանք են հասարակական կացութաձևի։
Այնուամենայնիվ, բանավիճելու կարիք կա՞։ Իհարկե։ Բանավիճենք, խնդրեմ, ցանքատարածքների ավելացման շուրջ, գյուղերի հավասարաչափ զարգացման շուրջ (անկախ` որտեղ որ կուսակցությանն են շատ ձայն տալիս), չկաշառվող տնօրենի շուրջ, արտագաղթը պակասեցնելու շուրջ, շատ հզոր բանակ ունենալու շուրջ, բանակում ծառայելը պատվի գործ համարելու շուրջ և արտոնություններ տալու շուրջ, բանավիճենք փողոտ օբյեկտները և կարևոր օբյեկտները պետհսկողության տակ վերցնելու շուրջ և այլն։ Բանավիճենք և վեր հանենք ճշմարտությունը, քանզի այն հասնում է նաև գյուղի բարձունքներին, որտեղ ավելի զգայուն են և ավելի ուղղակի են ընդունում ամեն ինչ։ Բանավիճենք հանուն համընդհանուր բարեկեցության։


Ռաֆիկ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բժիշկ

Դիտվել է՝ 27756

Մեկնաբանություններ